ԱՄՆ: Լոս Անջելես: Քաղաք Գլենդեյլ:
-Ջան ախպերս, ջան…ջան…ջան….
Քաղաքի գլխավոր պողոտայից հենց այս հայկական ռաբիսի հնչյուններն են դիմավորում հայկական առևտրի կենտրոնի գոյության մասին ազդարարող այս ցուցանակից այն կողմ: Սկզբից մտածում եմ` հպարտանամ, որ այսքան հեռվում կարողացել ենք բոլոր ազգերի կողքին մերն էլ ունենալ, բայց երգի անընդհատ լսվող բառերը ստիպում են զգուշանալ մուտքից հետո ազգային նման բարձր զգամունքներ տածելու համար:
Երբ փակվեց ջրի այն փոքրիկ խանութը, որտեղ երդվյալ սովետահայ վաճառողը, ով ջուրն ամանների մեջ լցնելու ընթացքում նույնչափ խորհրդային եղանակով` <<տակից>> առաջարկում էր կնոջ պատրաստած կիևսկի կոտլետներն ու խինկալիները, մենք ստիպված հայկական սառնորակ աղբյուրների ջրին կարոտած մնացյալ ամերիկաբնակ հայերի պես սկսեցինք օգտվել <<Արարատ>> առևտրի հրապարակից, որը ժողովրդի մեջ հայտնի է պարզապես Կոզանյանի շափինգ սենթր` ի պատիվ նույնանուն մթերային խանութի: Երևանի Արարատ կինոթատրոնի շրջակա տարածքը հիշեցնող այս վայրում իրար կողք տեղակայված են սննդամթերքի մի երկու խանութ,
հագուստի փոքրիկ խանութներ, որոնք վաճառվող ապրանքը բերում են բացառապես Չինաստանից ու Թուրքիայից, որի ընտրանին հանգիստ կարելի է գտնել Ֆիրդուսի փողոցի կամ այլ տոնավաճառներում: Խանութների դռան առաջ` դրսում կախված են զեղչված մոխրագույն հագուստները, իսկ արևելյան ճաշակին անգամ 11.000 կմ հեռու հավատարիմ կոշիկների ցուցադարակները պարզապես վնասում են տեսողությունդ:
-Ազիզ, հլը էս նայի, հաստատ քո հագով ա…
-Չէ կյանք, էս իմ ճաշակով չի….Կիսուրս կսիրի…հլը արի այ կնիկ….
Վաճառողուհի –գնորդ ամենահաճախ լսվող երկխոսությունն է:
Շարքի մյուս կետը ամենամոտիկ ծառից խաշ առաջարկող Համլետի խոհանոցն է: Հետո լահմաջո, խաչապուրի, պեռաշկի…Հայրենիքը հիշեցնող բոլոր այս բուրմունքներն ամբողջանում են <<Արեշ վիդեո>>-ից ողջ տարածքով հնչող ռաբիսի ամենավերջին ձայնագրություններով: Ազատ երկրի առավելություններն ըստ արժանվույն գնահատող կիսատաբատներով ու սանդալներով շրջող հայ տիկնանց ամենափնտրած ապրանքատեսականին ռուսական շոկոլադներն են, թուրքական չրեղենը, հայկական տոմատի մածուկը….
Երբ մի քանի ամիս առաջ հայկական մի ֆիլմի տոմսեր գնելու համար պարտադրաբար հայտնվեցի այստեղ, հայտնաբերեցի, որ այս բազմազանության մեջ Հայաստան ուղարկվող ծանրոցների կետի կողքին հարմար տեղավորվել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի շտաբը, որը փնտրող մի կնոջ մեկը ճանապարհ ցույց տվեց.
-Ուղիղ գնա քուրիկ ջան, հետո կթեքվես աջ….
Այսքան կիլոմետրեր հեռու խանութի դռան մոտ պպզած այս մարդու համար տիկինը դեռ քուրիկ էր…
Չէ, այս բոլորից հետո հպարտությունս տեղի է տալիս զայրույթի ու հիասթափության: Ես բնավ էլ դեմ չեմ ազգային պահպանողականության, սակայն երբ այն դրսևորվում է միայն վարկաբեկմամբ ու խավարամտությամբ, արդեն ծիծաղելի է դառնում: Իսկ ծիծաղը դառնում է զավեշտ, երբ այս պատմության հերոսները իրենց երեխաների ու թոռների հետ միայն անգլերեն են խոսում:
ԱՆԻԴ





February 6th, 2012
Posted in 
Սիրելի Անի, հրաշալի հոդված է: Ես ու իմ ընկերներից շատերը ինչ-որ մի օր, ինչ-որ մի առիթով հայտնվել ենք կամ նմանատիպ այլ առեւտրի կենտրոնում, այնպես որ լիովին կիսում ենք քո մտահոգությունը եւ ցավը: Շնորհակալություն քո բացառիկ աշխատանքի համար:
Շատ ավելի ուրախ կլինեի, Գառնիկ ջան, եթե նման երևույթներ չլինեին, այլ ավելի շատ հպարտանալու վայրեր լինեին….Բայց դե նմանօրինակ երևույթների դեմ չբողոքելուց էլ կարծես դավաճան լինես:
sireli Ani ! shat urax em vor tsanothatsa “Armenianusa” hodvatsnerin ! Hajoghutyun qez ays karevor gortsum ! Harganqnerov – Armen Atomts