Ընկույզի մուրաբա ֆետա պանրով. ԱՄՆ հայկական շուկայի հաջողության բանաձևը

Alissa Assmaryan picx

-<<Ամերիկացիներին գրավելու լավագույն միջոցը համեղ ուտելիքն է>>,- համոզված է Հայ-ամերիկյան առևտրի պալատի նախագահ Ալիսա Ասմարյանը, ով, միևնույն ժամանակ արդեն տասը տարի է, ինչ տնօրինում է <<Favorite Place>> ռեստորանը: <<Լոս Անջելես Թայմզ>> թերթի և ամերիկյան Չորրորդ ալիքի կողմից  յուրահատուկ խոհանոցի և ամենառոմանտիկ ռեստորանի անվանակարգերում տարիներ շարունակ Գլենդելի և Լոս Անջելեսի լավագույնի կոչումը կրող այս փոքրիկ ու հայտնի ռեստորանի տիրուհին, գործի բնույթով տիրապետելով ամերիկյան շուկայի առանձնահատկություններին, փորձում է այնտեղ ճանապարհ հարթել հայկական ապրանքատեսականու համար: Հայ-ամերիկյան առևտրի պալատի առաքելություններից մեկն էլ հենց երկու շուկաների համագործակցությունն է:  Տասներկու տարի առաջ պալատի գործունեությունը սկսվեց մեծ ցուցահանդեսով, որտեղ ամերիկյան շուկային ներկայացվեց հայկական ապրանքատեսականին: Արդյունքում ԱՄՆ հայկական խանութներում սկսեցին վաճառվել այդ ապրանքները, ինչը թերևս բնական էր` նկատի ունենալով հայերի կարոտն ու արտադրությանը ծանոթ լինելու հանգամանքը: Մինչդեռ ամերիկյան մեծ շուկա մուտք գործելը կապված է մեծ դժվարությունների հետ: Շուկան լայնածավալ է, քանի որ խանութներից  գրեթե յուրաքանչյուրը ցանցային համակարգով տարածվում է ողջ երկրով մեկ: Այդպիսով, որևէ ապրանքատեսակ առաջարկելիս, պետք է այն արտադրվի ահռելի քանակությամբ, իսկ հայկական ապրանքաարտադրությունը շատ փոքր է, ինչպես նաև դեռևս լավ ձևավորված չէ մարկետինգը,-ինձ հետ զրույցում բացատրում է Ալիսան:

Հայաստանի ներկայացման հարցում, ցավոք, այնքան էլ մեր պետությունը հետաքրքրված չէ,-նշում է Ալիսա Ասմարյանը և մի օրինակ պատմում Հայ-ամերիկյան պալատի նախագահի աշխատանքային իր փորձից: <<Լոս Անջելես Թայմզ>>-ի կազմակերպած տուրիզմի ամենամյա ցուցահանդեսին տուրիստական մի ընկերության հետ միասին պալատը մասնակցում էր շքեղ տաղավարով, որտեղ բացի տուրիզմից ներկայացվում էր նաև հայկական մշակույթը` պարի, երգի ու Հայաստանի մասին կրթական սեմինարի միջոցով: <<Երկրորդ օրը ով է գալիս էր, հարցնում էր` ուր է հայկական տաղավարը: Արդյունքում տասնութ օտարերկրացի գործակալ սկսեց հետաքրքրվել Հայաստանով:  Հետագա զարգացման ծրագիրը հստակ էր` մասնակցել ԱՄՆ  բոլոր նահանգների տուրիզմի ցուցահանդեսներին և այդպիսով գրավել մարդկանց ու կազմակերպություններին: Սակայն Հայաստանի Հանրապետությունից ոչ մի արձագանք այդպես էլ չեղավ: Առաջին ամբողջ ցուցահանդեսի ծախսերը հոգաց Հայ-ամերիկյան առևտրի պալատը` չնայած որ այն հասարակական կազմակերպություն  է, որտեղ ոչ ոք չի վարձատրվում: <<Բայց չէ որ մենք այդքան ինֆորմացիա չունենք Հայաստանում գործող ընկերությունների մասին: Ճիշտ է, այնտեղից եկավ երկու-երեք կազմակերպություն, բայց դա բավարար չի նման կարգի մեծամասշտաբ միջոցառումների համար: Մենք ստեղծեցին կապերը, տվեցինք միտքը, որոշեցինք ժամկետը, նրանց մնում էր միայն  գալ ու ներկայացնել իրենց: Բայց ցավոք հետաքրքրություն չկար Հայաստանից:  Կապ չկա երկրի հետ, որ Սփյուռքն էլ իմանա, թե ինչ կարելի է անել, ինչպես օգնել, չնայած գոյություն ունի անգամ Սփյուռքի նախարարություն>>,- ինձ հետ համաձայնում է Ալիսան:

Մեկ այլ ցուցահանդեսի ժամանակ օգտագործելով խոհարարի իր հմտությունները` Ալիսան ընկույզի մուրաբան ներկայացրեց որպես ազգային արտադրություն`նորովի ու յուրահատուկ ներկապնակով. << Ընկույզը կիսեցի, վրան մի կտոր ֆետա պանիր դրեցի ու ռեհանի տերև: Ով եկավ` կերավ ու հարցրեց, թե որտեղից կարող եմ գնել: Սակայն չունեինք մուրաբան արտադրողների անուններն ու կորդինատները: Փաստորեն պետք է ցանկացողներին ուղարկեինք հայկական խանութներ: Սակայն կրկին նույն խնդիրն էր մեր առաջ կանգնում. իսկ ինչ պատասխանել մեծածավալ գնորդներին>>,- իրադրությունը փորձում է բացատրել Ալիսան:  Հայ-ամերիկյան առրևտրի պալատը տեղական հայկական բիզնեսների խրախուսման և գնահատման իր եղանանակն ունի: Ամեն տարի մարտ ամսին պալատի գալահանդեսում ընտրվում է տարվա լավագույն բիզնեսը: Իսկ երբ բիզնեսի ղեկավարը կին է, ապա այդ դեպքում առավելությունները մեծանում են: Տարվա լավագույն կին գործարարին  ընտրում են իր գործի մեջ լավագույնը լինելու, կարիերան և ընտանիքը համատեղելու և ամենակարևորը` հայ համայնքի մեջ ընդգրկված լինելու համար:

Այս բոլոր չափանիշներին լիովին համապատասխանելու համար Ալիսա Ասմարյանը 2001 թ.-ին նույնպես ընտրվել է տարվա լավագույն կին գործարարը` իր յուրատեսակ ռեստորանի գրանցած հաջողություններին զուգընթաց: <<Փորձեցինք ստեղծել փոքրիկ, գողտրիկ մի բութիկ-ռեստորան, որը նման չի լինի մյուսներին>>,-մի քանի բառով իր բիզնեսն  է ներկայացնում Ալիսան: Երկու դուստրերը` Մարինան և Տատյանան, ինչպես նաև ամուսինը` Պարոն Սարգիսը,  բոլորը միասին պահպանում են Գլենդելի այս յուրահատուկ անկյունը, որտեղ Ալիսան փորձում է իր մորից ու տատից սովորած խոհարարական գաղտնիքներով հայկական շնչով համեմել ճաշացանկը: <<Միշտ փորձում եմ հայկական համեմունքներն օգտագործել եփածս ճաշերի մեջ, նույնիսկ երբ եփում եմ չինական կամ ճապոնական խոհանոցից, այնպես, որ իմ հայությունը երևա>>,-ժպտում է նա: <<Խոհարարությունն իմ տարերքն է>>,-հրճվանքով ասում է Ալիսան և պատմում, որ ռեստորանի հիմնադրումից ի վեր ինքն է եփել խոհանոցում: Հետագայում, անշուշտ, մի ամբողջ անձնակազմ է հավաքվել այնտեղ, սակայն մինչ այսօր ռեստորանի տիրուհու բաղադրատոմսերն են օգտագործվում և հարազատ մնում նրա պատրաստած սոուսներին ու դրեսինգներին:

Ալիսայի ամենասիրած ճաշը Հարիսան է, որի պատրաստման եղանակը` տավարի մսով, սովորել է իր մորից. <<Ինչքան էլ կուշտ լինեմ, եթե գամ ու տեսնեմ` մամաս Հարիսա է պատրաստել, անպայման պետք է ուտեմ>>,-աչքերում  դեռ մանկական ոգևորությամբ ասում է Ալիսան:

Մոր բաղադրատոմսով Ալիսան ռեստորանի ճաշացանկում արդեն իսկ ներգրավել է կարմիր ոսպով ապուրը, որը պատրաստվում է խորոված պղպեղով ու սոխառածով, որին էլ նա ավելացրել է շագանակագույն բրինձը,- <<…մի քիչ քիմիոն, մի քիչ էլ Հալեպի բիբար…>>,-շարունակում է Ալիսան, ու ես մտքով տեղափոխվում եմ հազարավոր կիլոմետրեր հեռու` իմ մոր պատրաստած
ոսպով ապուրն ուտելու, որն էլ աշխարհում ամենահամեղն է ինձ համար:

Ալիսա Ասմարյանը ծրագրում է խոհարարական գիրք գրել, որտեղ որոշել է անպայման ներկայացնել ամերիկյան խոհանոցում հայկականի ազդեցությունը: Իսկ Տարվա վերջում հնարավոր է նա մեկնի Հայաստան, որտեղ Հայ-ամերիկյան առևտրի պալատի միջոցով դրամաշնորհներ կհանձնի հինգ աշակերտի: Ես էլ նրան խորհուրդ տվեցի այցելել ինձ ծանոթ ռեստորաններից մի քանիսը, որտեղից միգուցե նոր համեղ մտքերով կլցվի <<Favorite Place>>-ի մենյուն:

ԱՆԻԴ

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply